Ներքին գործերի նախարարություն կստեղծվի․ ԱԺ-ն հաստատեց նախագիծը

Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն։ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախագծի համաձայն՝ ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը:

Նոր օրենքով նախատեսվում է, որ ոստիկանապետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալը, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառանան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։ Օրենքի նախագծերի փաթեթները ԱԺ արտահերթ նիստում կրկին ներկայացնում էր ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը: Փոխնախարարը հավաստիացրեց՝ խմբագրումներ են արել նախագծում, որոնք միտված են փաթեթն ավելի կատարելագործելուն։

«Ներքին գործերի նախարարության ֆունկցիոնալ բազայից հանվել է աշխատանքի միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակման հատվածը. կառավարությունը գտնում է, որ աշխատանքի ոլորտում քաղաքականությունը պետք է շարունակի մշակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը», – նշեց նա։

Սարգսյանն ասաց նաև, որ այսուհետ ՀՀ նախագահի փոխարեն ոստիկանության զորքերի հրամանատարին կնշանակի ՀՀ վարչապետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print