Ֆրանցիսկոս պապի ավտոմեքենան՝ պապամոբիլը, որով տարիներ շարունակ ողջունել է միլիոնավոր հավատացյալների, կվերածվի շարժական բուժօգնության կենտրոնի՝ Գազայի երեխաների համար։
Սա Նորին Սրբության վերջին մարդասիրական ցանկությունն էր, հայտնում է vaticannews-ը։
«Երեխաները պարզապես թվեր չեն։ Նրանք դեմքեր են, անուններ ու պատմություններ։ Յուրաքանչյուրը՝ սուրբ է»,- ասում էր Հռոմի պապը՝ խոսելով Գազայում իրենց տունը լքած միլիոնավոր երեխաների մասին։
Նրա այդ խոսքերը նյութականացան «Հույսի մեքենայի» ստեղծմամբ։ Մեքենան հագեցած է բժշկական զննման, ախտորոշման ու բուժման սարքավորումներով։
Շվեդիայի «Կարիտաս»-ի գլխավոր քարտուղար Փիթեր Բրունը հայտնել է, որ նախաձեռնությունն իրականացվել է հավատացյալների նվիրատվությունների շնորհիվ՝ ընդգծելով, որ շարժական հիվանդանոցը կօգնի բուժօգնությունից զրկված վիրավոր և թերսնված երեխաներին։
Ֆրանցիսկոս պապի ժառանգությունը շարունակում է կենդանի մնալ ոչ միայն խոսքերի, այլև՝ կյանքեր փրկող գործերի միջոցով։

