Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանին հինգերորդ գիշերն անընդմեջ հրաձգություն է գրանցվում։ Հրաձգությունը տեղի է ունեցել Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հսկողության գծի սահմանային գոտում, Ջամուի եւ Քաշմիրի տարածքում։ Այս մասին նշված է հնդկական բանակի հայտարարությունում։
«Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը Պակիստանի բանակը կրակ է բացել հսկողության գծի ողջ երկայնքով՝ Կուպվարա եւ Բարամուլա շրջանների դիմաց գտնվող տարածքներում»,- նշվել է հաղորդագրությունում, որը մեջբերել է PTI գործակալությունը: Հնդկաստանի զինվորականները պատասխանել են «արագ եւ արդյունավետ», նշվել է տեքստում: Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Հնդկաստան-Պակիստան սահմանին հրադադարը խախտվել է հինգերորդ գիշերն անընդմեջ՝ Նյու Դելիի եւ Իսլամաբադի միջեւ լարվածության ֆոնին, Ջամու եւ Քաշմիր նահանգներում ահաբեկչությունից հետո, որի հետեւանքով զոհվել է 26 մարդ:

