Վերջին օրերին ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակոցներ է արձակում Սյունիքի ուղղությամբ։ Այսօր այդ թեմային ԱԺ-ում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։
«Դուք ձեր խոսքում նշեցիք, որ մոտենում ենք Խաղաղության պայմանագիր կնքելուն, բայց միեւնույն ժամանակ անհասկանալի է Ադրբեջանի եւ հռետորաբանությունը, եւ գործողությունները՝ Խնածախի հետ կապված։ Առնվազն երկու միջադեպ կա, որ քաղաքացիական շինություն են թիրախավորել։ Այդ մասով մենք ինչպիսի գործիքակազմ ունենք, միջազգային գործընկերների աջակցությամբ գոնե կանխենք նմանատիպ դեպքերը»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Դավիթ Դանիելյանը՝ հետաքրքրվելով նաեւ, թե ԵՄ դիտորդներն արձանագրել են այդ դեպքերը ու համապատասխան գործողություններ արվել են, թե ոչ։
«Չգիտեմ դիտորդներն արձանագրել են, թե ոչ, բայց կառավարությունը պաշտոնապես հայտարարությունը ապացույցներով, տարածել է եւ ես իմ ելույթում էլ անդրադարձա այդ թեմային։
Այդտեղ երկու տարբերակ կա, կամ անկարգապահությունը, կամ դիտավորյալ քաղաքացիական բնակչությանը ահաբեկելուն ուղղված գործողությունները։ Երկու դեպքում էլ Ադրբեջանը պետք է հետաքննի և միջոցներ ձեռնարկի դրանք դադարեցնելու համար: Բայց որպեսզի միակողմանի չհնչի, ես ասում եմ՝ մենք պատրաստ ենք, եկեք հետաքննենք, ինչու է Ադրբեջանը հրաժարվում: Ասում եմ՝ եկեք հետաքննության ամենօրյա մեխանիզմ ստեղծենք համատեղ։ Ահազանգ եղավ, տեղում գնանք ստուգենք։ Կարող է հաջորդ օրը ստուգելը էֆեկտիվ չի, որովհետև տեղում կարելի է գնալ ստուգել, ընդհուպ այդ հրազենի փողը տաք է, թե տաք չի, դրանից կրակել են, թե չեն կրակել։ Եթե իրենք չեն հեղինակ այդ ամենի, ինչի՞ են հրաժարվում հետաքննությունից»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

