Կրակոցներ Սյունիքում

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի և աջ զստային (խմբ․ կոնքոսկր) շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Ալեն Առուշանյանն է։ 

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի և ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում Գորիս քաղաքի «Նոր զանգեր» կոչվող տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա․ Առուշանյանի և Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գևորգ Շահնազարյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս կրակոցներ է արձակել ու հրազենային վնասվածքներ պատճառել Ա․ Առուշանյանին։

Սյունիքի մարզի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են Գ․ Շահնազարյանի գտնվելու վայրը, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում Գ․ Շահնազարյանը ներկայանում է ոստիկանության Գորիսի բաժին, ներկայացնելով նաև իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի 12 տ/չ ողորկափող որսորդական հրացանը և 1 հատ ձևափոխված փամփուշտ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա․ Առուշանյանը Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հորեղբոր՝ Անուշավան Առուշանյանի թոռն է։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print