Սոցիալական և առողջապահական ծրագերի համար ևս գումարներ է տրամադրում։
Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատը 2023թ-ին Կապան համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրել է 350 մլն դրամ գումար։ Ծրագրերը մեկնարկել են բայց դեռ չեն ավարտվել։ Այս մասին Vesti.am-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետարանի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանը։
«ԶՊՄԿ ըստ անհրաժեշտության որոշել է Կապան համայնքի սուբվենցիոն ծրագրերի իրականացման 6 ուղղության համար տրամադրել այդ գումարը՝ Արծվանիկ և Սյունիք բնակավայրերի գյուղամիջյան ճանապարհի նորոգում և ասֆալտապատում, նույն բնակավայրի ՆՈւՀ-ի շենքի հարևանությամբ գտնվող տարածքի բարեկարգում, Նորաշենիկ բնակավայրում վարչական շենքի նորոգում, Կապան քաղաքի մուտքի թունելի սկզբնամասից դեպի Բաղաբեր թաղամասի վերջնամաս ընկած հատվածում փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցում, Կապանի համայնքապետարանի գոյություն ունեցող մասնաշենքի ուժեղացում, վերակառուցում և նոր մասնաշենքի կառուցում։ 5 ծրագրերի իրականացման համայնքի բաժնինը ԶՊՄԿ-ն ամբողջությամբ վերցնում է իր վրա, իսկ համայնքապետարանի շենքի կառուցումը մի մասն է ֆինասավորում, մնացածը համայնքային բյուջերից է իրականացվելու։ Գումարն ամբողջությամբ ԶՊՄԿ-ն տրամադրում է համայնքային բյուջեին, որտեղից բաշխում է տեղի ունենում»,- նշեց Հասմիկ Ղոնյանը։
Ըստ պաշտոնյաի՝ 2023թ Կապան համայնքի սուբվենցիոն ծրագրերի համար տրամադրվել է շուջ 2 մլրդ 852 մլն դրամ, որից 350 մլն ԶՊՄԿ-ն է տրամադրել։ 2022թ-ին իրականացվել է 4 մլրդ 699 մլն 147 հազար դրամ սուբվենցիոն ծրագիր, որից 525 մլն տրամադրել է ԶՊՄԿ-ն։ 2022թ-ի սուբվենցիոն ծրագրերը դեռ ընթացքի մեջ են։ Ղոնյանը նկատում է այս ներդրումները միայն սուբվենցիոն ծրագրերին է վերաբերում, սակայն սոցիալական և այլ ոլորտներում հանքարդյունաբերող ընկերությունը ևս նման ծրագրեր ունի, որոնց մասին ինքը հաշվարկներին չի տրապետում։
Նկատենք, որ 2023թ-ին սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար ԶՊՄԿ-ն հուշագիր է ստորագրել Կապան համայնքի հետ և 5 տարի շարունակ, յուրաքանչյուր տարի համայնքին միայն սուբվենցիոն ծրագրերի համար կտրամադրի 350 մլն դրամ։ Սոցիալական և առողջապահական ծրագերի համար ևս գումարներ է տրամադրում և դրանք էլ կլինեն շարունակական, իսկ նախատեսվող դրամական աջակցությունները տրամադրվում են ըստ անհրաժեշտության։
–

