Ձերբակալված արցախցուն մեղադրանքներ կներկայացվեն Մեշալի գյուղում ադրբեջանցիների ջարդեր կատարելու համար։
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինաբար առևանգված Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին կարող են հավելյալ մեղադրանքներ ներկայացվել. ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանի զինդատախազի տեղակալ Ֆուադ Մամեդով:
Վերջինիս խոսքով` եթե նախաքննության ընթացքում նոր փաստեր բացահայտվեն, ապա Մեշալի գյուղում ադրբեջանցիների ջարդեր կատարելու համար մեղադրվող Վագիֆ Խաչատրյանին կարող են լրացուցիչ մեղադրանքներ առաջադրել։
«Քննությամբ պարզվել է, որ այս հարձակումը ծրագրված է եղել, ինչը հաստատվում է քննչական նյութերով: Նպատակ է եղել մարդկանց զանգվածաբար դուրս բերել Մեշալի գյուղից, ապա սպանել, ուստի այս քրեական գործը քննվում է «Ցեղասպանություն», ինչպես նաև «Բնակչության տեղահանում և բռնի տեղահանում» հոդվածներով»,- ասել է զինվորական դատախազի տեղակալը։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող արցախցի Վագիֆ Խաչատրյանին:

