Դեսպանը խոսել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու և դրա հետևանքով Արցախի 120000 հայ բնակչությունը շրջափակման մեջ պահելու մասին։
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունն ազգային անվտանգության ոլորտում ունեն ընդհանուր շահեր և ընդհանուր մտահոգություններ։ Այս մասին ասել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին` պատասխանելով ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում գործող «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարթակում իրականացվող «Հարցեր դեսպանին» նախաձեռնության հարցերին։
«Երկու երկրներում ազգային անվտանգության համար պատասխանատու կառույցները սերտորեն համագործակցում են միմյանց հետ։ Սա այն ուղին է, որը պետք է շարունակվի տարբեր մակարդակներում։ Մյուս ուղին, որին պետք է հետամուտ լինել և ուշադրություն դարձնել ազգային անվտանգության ոլորտում, դա արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական լուրջ խորհրդակցությունների և երկու երկրների միջև ռազմավարական երկխոսությունների կանոնավոր ընթացքն է»,–ասել է դեսպանը։
Դեսպանը խոսել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու և դրա հետևանքով Արցախի 120000 հայ բնակչությունը շրջափակման մեջ պահելու մասին։
Ներկայացնելով այս հարցում Թեհրանի դիրքորոշումը` Զոհուրին ևս մեկ անգամ ընդգծել է, Թեհրանի խորհուրդը մշտապես եղել է այն, որ կողմերը հավատարիմ մնան նոյեմբերի 9-ի հայտարարության և դրան հաջորդած պայմանավորվածությունների և պարտավորությունների տեքստին և ոգուն:
«Միջազգային իրավունքի ներքո նույնպես երկրները ունեն հստակ պարտավորություններ, որոնցից մեկը տարածաշրջանի բնակիչների իրավունքների ու անվտանգության պահպանումն է։ Մենք ասում ենք, որ նշված տարածքի բնակիչների իրավունքների և անվտանգության հարցը բարդ և նուրբ խնդիր է»,–ասել է նա։
–

