Կայքում միաժամանակ մոտ 5000 օգտատիրոջ գտնվելը և տոմս ձեռք բերելու փորձերը հանգեցրել էին կայքի խափանմանը։
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ սեպտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը վերսկսվել է, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ)։
ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տոմսեր ձեռք բերել ցանկացողների ահռելի մեծ քանակով պայմանավորված՝ ՀՖՖ տոմսերի վաճառքի պաշտոնական կայքը դադարեցրել էր իր գործունեությունը. կայքում միաժամանակ մոտ 5000 օգտատիրոջ գտնվելը և տոմս ձեռք բերելու փորձերը հանգեցրել էին կայքի խափանմանը։
«Այժմ tickets.ffa.am-ն անցել է իր բնականոն աշխատանքին: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար կայքը ծանրաբեռնվածության դեպքում կծանուցի օգտատերերին, որ տվյալ պահին հնարավոր չէ գնում կատարել և պետք է սպասել մինչև որոշ օգտատերեր կատարեն գործարքը և դուրս գան կայքից»,- ասված է հայտարարությունում:

