Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձավ Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի անդամ

Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատը (CECTE) և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) փետրվարի 26-ին Երևանում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձավ պալատի անդամ։ 

Սա կարևոր քայլ է միջազգային համագործակցության ամրապնդման և կանադական ու եվրասիական բիզնես համայնքների հետ համագործակցության ընդլայնման գործում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի նախագահ, դոկտոր Վարդգես Ավագյանը նշեց, որ տվյալ քայլով իրենք մեծ հնարավորություններ են ընձեռում՝ զարգացման նոր փուլ նախանշելով հանքարդյունաբերության ոլորտում։

«Սա նաև պատեհ առիթ է, որպեսզի գործընկերներն օգտվեն կանադական կողմի տրամադրած տեխնոլոգիական, կապի, առևտրի, արտահանման հնարավորություններից՝ խթանելով նոր բիզնեսների ներմուծումը Հայաստան։ Կանադան այստեղ ունի դիվանագիտական ներկայացուցչություն, հայ-կանադական հարաբերություններում առկա է բարիդրացիության մթնոլորտ։ Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատն այդ առումով նույնպես ունի կարևոր դերակատարություն»,- նշեց Ավագյանը։

Նա հավելեց, որ սպասվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավարության այցը Տորոնտո, որտեղ հիշյալ պալատի աջակցությամբ կկազմակերպվեն գործնական հանդիպումներ։

«Մենք ձգտում ենք Հայաստանում գործող կանադական կազմակերպությունների համար ստեղծել հարմարավետ աշխատանքային միջավայր՝ նպաստելով ներդրումների ներգրավմանը, իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նաև պաշտպանել նրանց իրավունքները։ Կան համագործակցության տարբեր օրինակներ, որոնք արդեն զուտ օրինակներ չեն, այլ հաջողված նախագծեր։ Ունենալով երկկողմ շատ լավ դիվանագիտական հարաբերություններ՝ անհրաժեշտ է զարգացնել նաև առևտրատնտեսական կապերը։ Քանի որ Կանադան շատ ոլորտներում, այդ թվում՝ հանքարդյունաբերության ասպարեզում ունի մեծ կշիռ, հետևաբար հնարավոր չէր նման խոշոր ասոցիացիայի հետ չանցնել պրակտիկ աշխատանքի։ ԶՊՄԿ-ի հետ համագործակցությունն այդ առումով համարում ենք հիմնարար քայլերից մեկը, ինչը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանը»,- ասաց Ավագյանը։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ և ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն իր խոսքում ընդգծեց միջազգային համագործակցության կարևորությունը, որն ուղղված է լավագույն փորձի ներդրմանը և կիրարկմանը։

«Այսօր նոր կապ է հաստատվում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի և մի կազմակերպության հետ, որը ներկայացնում է կանադական բիզնեսը Հայաստանում։ Կանադան լավագույն փորձն ունի հանքարդյունաբերության ոլորտում։ Հաշվի առնելով հայ-կանադական հարաբերությունները և Կանադայի պատրաստակամությունն օգնելու Հայաստանի արդյունաբերական ոլորտում լավագույն չափանիշների ու տեխնոլոգիաների ներդրմանը՝ մենք այս քայլով ավելի ենք խորացնելու համագործակցությունը՝ դրան հաղորդելով ֆորմալ բնույթ»,- ասաց Ջհանյանը։  

Նրա դիտարկմամբ՝ հանքարդյունաբերությունը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության համար, սակայն դրանով հանդերձ՝ առկա են որոշակի խնդիրներ, որոնց լուծման ամենաարադյունավետ ճանապարհը լավագույն փորձի ներդրումն է։

«Շփումների և այցերի միջոցով մենք կարող ենք ներդրումներ բերել Հայաստան և ունենալ զարգացած, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան հանքարդյունաբերություն։ Տեսնելով նման համագործակցությունը, այսպիսի արդյունավետ կապը կառավարության և կանադական ու հայկական բիզնեսների միջև՝ Կանադայի գործարար շրջանակներն ավելի պատրաստակամորեն ներդրումներ կկատարեն Հայաստանում։ Ստեղծված լավ հարաբերությունները հեշտացնելու են հետագա փոխգործակցությունը»,- ասաց Ջհանյանը։ 

ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը նշեց, որ կան համատեղ աշխատանքային խմբեր և համագործակցության հստակ ուղղություններ, հետևաբար տվյալ միջոցառումը լավ առիթ է՝ խթանելու համագործակցությունը Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի հետ։

Վարդանյանը հիշատակեց հայկական պատվիրակության նախորդ տարվա այցն Օտտավա։ Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն ու ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

«Մենք այցելեցինք տեղի երկրաբանական, բնապահպանական հանքարդյունաբերության մեծ լաբորատորիա, տեղում ականատես եղանք, թե ինչպիսի փորձ ունեն կանադացիները և ինչպիսի տեխնոլոգիաներ են կիրառում իրենց մոտ, ուստի ցանկանում ենք մեծացնել մեր լաբորատորիայի կարողությունները։ Պատրաստ ենք քննարկում կազմակերպել կանադական կողմի հետ մասնագետների վերապատրաստման, տեխնոլոգիաների ներդրման մասով»,- մանրամասնեց Վարդանյանը։

ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն իր հերթին նշեց, որ Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու հիմնական բաղադրիչներից մեկն ուժեղ տնտեսության զարգացմանը նպաստելն է, այդ իսկ պատճառով ամենախոստումնալից նախաձեռնություններից մեկը Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատի ստեղծումն էր և երկու երկրների մասնավոր հատվածների միջև ուղիղ կապերի հաստատումը։

«Կանադան հանքարդյունաբերության ոլորտում ունի երկարամյա փորձ, բազմաթիվ օգտակար տեխնոլոգիական մշակումներ, մեծ մասնագիտական ​​​​ուսուցում և մեծ փորձ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ու շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։ Այդ ամենը կօգնի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը դարձնել ավելի ուժեղ և օգուտ կբերի երկու կողմերին»,- նշեց դիվանագետը։

Դեսպանը հավելեց, որ շատ կարևոր է հանքարդյունաբերության ոլորտում ունենալ հասարակության ուժեղ աջակցությունը։ Եվ հենց այդ առումով կանադական փորձը կարող է անգնահատելի մոդել լինել Հայաստանի համար՝ խթանելով գործընկերությունը կանադական և հայկական հանքարդյունաբերական ընկերությունների միջև։

ԶՊՄԿ-ն նպատակ ունի ակտիվորեն մասնակցել Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի կողմից իրականացվող նախաձեռնություններին, բիզնես ֆորումներին և ցանցային հարթակներին՝ նպաստելով պատասխանատու ռեսուրսների զարգացման, նորարարության և ներդրումային հնարավորությունների վերաբերյալ երկխոսությանը:

Բոլոր կողմերը միաժամանակ վստահ են, որ տվյալ համագործակցությունը միաժամանակ նպաստելու է Հայաստանի տեսանելիության բարձրացմանը համաշխարհային հանքարդյունաբերական և բիզնես ցանցերում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print