ՀՀ եւ Վրաստանի էկոնոմիկայի նախարարները մի շարք հարցեր են քննարկել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Այցի շրջանակում այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է երկու երկրների նախարարների պաշտոնական հանդիպումը։

Հայաստան–Վրաստան երկկողմ օրակարգի շրջանակում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք առաջնահերթություններ՝ ընդգծելով տնտեսական կապերի ռազմավարական նշանակությունը և փոխշահավետ զարգացման հանձնառությունը։

«Համոզված եմ, որ մեր տնտեսական համագործակցության առկա ներուժը դեռևս ամբողջությամբ իրացված չէ, և այսօրվա հանդիպումը կարևոր հնարավորություն է համադրելու մեր ջանքերը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, բեռների անխոչընդոտ տարանցման, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցեր։

Երկուստեք կարևորվել է գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ակտիվացումը, մասնավորապես՝ B2B ձևաչափով հանդիպումների խթանումը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը՝ ընդգծելով շարունակական երկխոսության կարևորությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print