Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարել են. ի պատասխան Radar Armenia-ի գրավոր հարցման՝ հայտնել են գլխավոր դատախազությունից։
«Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով, քանի որ 2026 թվականի փետրվարի 12-ին օրինական ուժի մեջ է մտել վճռաբեկ դատարանի որոշումը, որով վճռաբեկ դատարանը մերժել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի` 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման դեմ կողմերի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը»,-նշել են դատախազությունից։
Ինչ վերաբերում է ՍԴ նոր դատավորի ընտրությանը, դատախազությունից հայտնել են, որ այժմ ԱԺ-ում թեկնածու առաջադրելու հերթը հանրապետության նախագահինն է. «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով ՍԴ նախագահին վերապահված պարտականության ուժով ՍԴ նախագահը դիմել է հանրապետության նախագահին՝ առաջացած թափուր տեղի համար ՍԴ դատավորի ընտրության նպատակով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մեկամսյա ժամկետում ՀՀ Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի մեկ թեկնածու առաջադրելու խնդրանքով»,-նշել են դատախազությունից։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ կայացված դատավճիռը մտել է ուժի մեջ. նա մեղադրվում է արդարադատության նախարար աշխատած տարիներին պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։

