Պայմանագրային զինծառայողին ծեծել են. Նա ծանր վնասվածքներ է ստացել

Փետրվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, զինվորական հոսպիտալ են մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ծառայողները, որոնց բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում՝ անգիտակից վիճակում, և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոսպիտալ տեղափոխվածը ծառայում է Նուբարաշենի զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, և նրան խմբակային դաժան ծեծի են ենթարկել։

Կայքի տեղեկություններով՝ նա ծանր վնասվածք է ստացել նաև դեմքի, այդ թվում՝ աչքերի հատվածում, և նա Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ.-ն է։ Դեպքի փաստով ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print