Բնապահպանություն, թե՞ անվտանգային սպառնալիք․ Ի՞նչ է փնտրում չեխական «Առնիկա» կազմակերպությունը Հայաստանում

Արդեն երկար ժամանակ է ինչ հայաստանյան ԶԼՄ-երը ահազանգում են չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության գործունեության մասին Հայաստանի տարածքում, օրերս էլ այս առնչությամբ իր մտահոգությունը հայտնեց նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։

Ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր․ «Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) ուսումնասիրել է չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության վերջին հրապարակումներն ու գործունեությունը Հայաստանում, և լուրջ մտահոգություն է հայտնում դրանց մասնագիտական մակարդակի, թափանցիկության և նպատակների վերաբերյալ»։

Ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում այս կազմակերպությունը, ինչո՞վ է իրականում զբաղվում Հայաստանում «բնապահպանական ուսումնացիրությունների» շղարշի ներքո, արդյո՞ք ունի նման «ուսումնացիրությունների» համար համապատասխան թույլտվություն։ Այս և այլ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար InfoPort.am-ը դիմեց ոլորտը համակարգող պատկան մարմիններին։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որը համակարգում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը, խորհորդ տվեցին հարցերն ուղղել Շրջակա միջավայրի նախարարությանը, թեպետ չեխական կազմակերպության «ուսումնասիրությունները» առնչվում են հենց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անմիջական կուռացիայի ներքո գտնվող ոլորտին։ Այդուհանդերձ տվյալ Նախարարությունը այս հարցում իր կողմից որևէ անելիք չի տեսնում։

«Անսալով» Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խորհրդին կայքն իր հարցերը ուղղեց Շրջակա միջավայրի նախարարությանը, որտեղից InfoPort.am-ի թղթակցին տվեցին հետևյալ պատասխանը․ «Այո, Նախարարությունը տեղյակ է չեխական «Առնիկա» կազմակերպության գործունեության մասին Հայաստանի տարածքում, սակայն որևէ առնչություն այդ կազմակերպության հետ չունի։ Կազմակերպությունը չի դիմել Նախարարությանը համագործակցության համար, Նախարարությունը որևէ թույլտվություն տվյալ ՀԿ-ի գործունեության համար չի տվել և տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ գործունեություն է ծավալում այն Հաայաստանի տարածքում»։ 

Ճշտող հարցին՝ արդյոք Նախարարությունը այդ դեպքում չի ահազանգել պատկան մարմիններին՝ հասկանալու համար, թե ի վերջո ովքեր և ինչ գործունեություն են ծավալում Հայաստանի տարածքում օտարերկրյա բնապահպանական կառույցի շղարշի ներքո՝ առանց պատկան մարմինների հետ իրենց քայլերը համակարգելու, Նախարարության խոսնակ Անի Հակոբյանը խորհուրդ տվեց այդ հարցերը ճշտենք պատկան մարմիններից։   

Ստացվում է, որ նեքին անվտանգության հարցերը ավելի շատ հուզում են ԶԼՄ-երին, այլ ոչ  պատկան մարմիններին։ Ինչևէ բարձրացված հարցերի շուրջ պարզաբանում ստանալու համար InfoPort.am-ը հարցում է ուղարկել նաև Ազգային անվտանգության ծառայությանը, պատասխաններն ստանալուն պես դրանք կներկայացվեն մեր ընթերցողներին։

Կայքը «Առնիկա» կազմակերպության գործունեության մասին տեղեկություն փորձեց ստանալ նաև Կապանի և Քաջարանի համաքնապետարաններից, քանզի տվյալ ՀԿ-ն «ուսումասիրություններ» է իրականացնում նաև տվյալ համայնքների տարածում։

Քաջարանի համայնքապետի տեղակալ Զոհրապ Առաքելյանը և Բնապահպանության բաժնի պետ Գարեգին Գաբրիելյանը InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում իրենց զարմանքն արտահայտեցին և խոստովանեցին, որ տվյալ կազմակերպության մասին մինչ այժմ ոչինչ չեն լցել և տեղյակ էլ չեն եղել, որ այն գործունեություն է ծավալում իրենց համայնքում։ Թեպետ նշված համայնքներում չեխական «Առնիկան» «ուսումնասիրություններ» է իրականացնում արդեն բազում տարիներ։

Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանն էլ հորդորեց մեր հարցերն ուղղել գրավոր տարբերակով, ինչը և արել ենք։

Այսպիսով ի՞նչ է ստացվում․․․Օտարերկրյա որևէ կազմակերպություն կարող է մուտք գործել Հայաստան, տարիներ շարունակ սահմանամերձ շրջաններում ամենա նուրբ և ստրատեգիական ոլորտներին առնչվող կամայական գործունեություն ծավալել՝ իր քայլերը չհամակարգելով և չհամաձայնեցնելով պետական որևէ կառույցի հետ․․․Արդյո՞ք սա չի խոսում մեր անվտանգային համակարգի խոցելիության մասին։ Տվյալ հարցի պատասխանը թերևս պարզ կդառնա ԱԱԾ-ին ուղղված մեր հարցման պատասխանից։

Մինչ այդ հակիրճ ներկայացնենք, թե ինչ է իրենցի ներկայացնում չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության գործունեությունը Հայաստանում։

Արդեն մի քանի տարի է, չեխական «Առնիկան» իբրև թե «բնապահպանական հետազոտություններ» է իրականացնում, որպես թիրախ ընտրելով հատկապես Հայաստանի, բայց ոչ օրինակ՝ Ադրբեջանի հանքարդյունաբերության ոլորտը։ Տպավորություն է, որ այս կազմակերպությոան նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը` որպես տարածաշրջանը «աղտոտող» աղբյուր, այս անհիմն նարատիվը ծառայեցնելով երրորդ երկրների քաղաքական շահերին։

Առավել մտահոգիչ է, որ «Առնիկան», համագործակցելով միջազգային գրանտներից ֆինանսավորվող տեղական հասարակական կազմակերպությունների հետ, վերջերս կենսաբանական նմուշներ է վերցրել Սյունիքի մարզի հողից, ջրից և քաղաքացիներից։ Փաստացի օտարերկրյա կազմակերպությունը առանց հայաստանյան պատկան մարմինների վերահսկողության ՀՀ քաղաքացիներին դարձնում է իր կասկածելի փորձարկումների առարկա, իսկ Հայաստանի կենսաբազմազանության մասին իր անհիմն տվյալները սփռում ի լուր աշխարհի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print