Հունվարի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքում տեղի է ունեցել «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում» թեմայով միջոցառում։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Միջոցառմանը ներկա են եղել Տավուշի մարզպետի աշխատակազմի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված այլ անձինք։

Անահիտ Մանասյանը, անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, նշել է, որ չնայած վերջին տարիներին իրականացված քայլերին՝ այն շարունակում է մնալ մեր հասարակության համար լուրջ և մտահոգիչ խնդիր՝ մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից. «Սովորաբար, երբ հասարակությունում խոսում են իրավահավասարության մասին, հաճախ այն սխալմամբ ընկալվում է որպես որոշակի խմբերին արտոնություններ տրամադրելու փորձ։
Մինչդեռ իրականում խոսքը ոչ թե արտոնությունների, այլ հավասար հնարավորությունների երաշխավորման մասին է։ Որոշ խմբերի իրավունքների շեշտադրումը վկայում է այն մասին, որ նրանց իրավունքների իրացման հետ կապված առկա են խնդիրներ։ Կարևոր չէ՝ դրանք մեծ են, թե փոքր. փաստն այն է, որ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն»։
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը, որը նվիրված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին։
Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ և անդրադառնում է Հայաստանում առկա այս հրատապ խնդրին։

Ֆիլմի ցուցադրությունից հետո անցկացվել է թեմատիկ պանելային քննարկում։

