Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը հրաժարականտվեց

Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական տվեց: Այդ մասին նա հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«21 տարի գործունեություն եմ ծավալում դահուկային սպորտում: 2005 թ. ընտրվել եմ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում: 2021 թ. դարձել եմ ֆեդերացիայի նախագահ: Որոշում եմ կայացրել վայր դնել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները: Շատ դժվար եւ բարդ որոշում է ինձ համար: Երկար եմ մտածել եւ ջանացել եմ՝ չհանգել այս որոշմանը, բայց բնականաբար, ինչ ունի սկիզբ, նաեւ ունի ավարտ:

Այլեւս չեմ տեսնում իմ գործունեության շարունակությունը որպես նախագահ: Պատճառները մի քանիսն են: Հիմնական պատճառը Հայաստանում դահուկային սպորտի մարզաձեւերը զարգացնելու աշխատանքային մթնոլորտն է, որը չի կարող միակողմանի լինել: Միայն ֆեդերացիայով կամ միայն ֆեդերացիայի նախագահ լինելով այդ մարզաձեւերը զարգացնել հնարավոր չի:

Տարիներ շարունակ բոլոր մեր առաջարկները, խնդրանքները, հորդորները, նույնիսկ բողոքները Հայաստանի պետական լիազոր մարմին, այս դեպքում՝ ԿԳՄՍ, այդպես էլ լուծում չունեցան: Այն ջանքն ու եռանդը, նվիրվածությունն ու նպատակները, որոնք դրել ես քո առջեւ, հասկանում ես, որ ոչ լիարժեք են ես կարողանում իրականացնել քանի որ պարբերաբար հանդիպում եւ հանդիպելու ես խոչընդոտների, որոնք գուցե նաեւ անլուծելի են: Այս պարագայում ուղղակի որոշում ես կայացնում հրաժարական տալ: Գիտակցում ես, որ գուցե քո անձն է մարդկանց համար խանգարող, որպեսզի կարողանան այդ մարզաձեւերը զարգացնել:
Որոշել եմ ուղղակի իմ անձից ազատել այդ մարդկանց:

Շնորհակալ եմ բոլոր իմ գործընկերներին, մարզիկներին, որոնք 21 տարի եղել են կողքիս, եղել ենք միասնական, արել ենք առավելագույնը, որպեսզի աշխարհի դահուկային քարտեզում Հայաստանն ունենա իր տեղը եւ պատվով ենք անել դա:

21 տարիների ընթացքում շատ մեծ հաջողությունների ենք հասել ոչինչ չունենալով:

Ցավոք՝ չեմ տեսնում Հայաստանում դահուկային մարզաձեւերը զարգացնելու պետական լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ-ի կամքը եւ ցանկությունը: Այս պարագայում ես այլեւս ոչինչ չունեմ անելու: Այս ամենից ելնելով կատարում եմ այս քայլը:

Հաջողությում եմ մաղթում մեր օլիմպիականներին, մարզիկներին առաջիկա Միլան-2026 ձմեռային Օլիմպիական խաղերում»,- ասաց Գագիկ Սարսգյանը:

Գագիկ Սարգսյանը Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թ. օգոստոսի 23-ից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print