Մահացել է Զառա Արամյանը

Մահացել է հեռուստառադիոհաղորդավար, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը։

Այդ մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Զառա Արամյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժնում էր։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին շատ ծանր։

Զառա Արամյանը ավարտել է Երևանի թիվ 30 միջնակարգ դպրոցը։ 1981-1985 թվականներին հաճախել է Հ․ Ֆուչիկի անվան պատանի լրագրողների դպրոց։ 1988-95 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում, ստացել է ռուսաց լեզվի մանկավարժի և լրագրողի որակավորում:

1988-1995 թվականներին, սովորելուն զուգահեռ, եղել է «Պետական համալսարան» ուսանողական թերթի խմբագիրը: 1989 թվականից տպագրվել է «Կոմսոմոլեց», «Էպոխա», «Հայելի» պարբերականներում:

1991-1993 թվականներին եղել է ՀՀ ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի մի շարք գիտական գրքերի խմբագրական կազմում:

1991 թվականին ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Շահեն Թաթիկյանի «Հայաստանի երիտասարդ հեղինակներ» ժողովածուի մեջ լույս են տեսել երիտասարդ Զառա Արամյանի 7 էսսեները՝ նվիրված Հայաստանին:

1993-1996 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի՝ արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրությունում՝ որպես նորաստեղծ ռուսալեզու բաժնի ղեկավար, որտեղ վարել և խմբագրել է բազմաթիվ հասարակական, քաղաքական, մշակութային հաղորդումներ Սփյուռքի համար:

1996-2002 թվականներին աշխատել է «Հայաստանի ձայն» խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ:

1993-2002 թվականներին՝ Հայաստանի ազգային ռադիոյում աշխատելու տարիներին, հեղինակել է «Հյուր Զառայի մոտ» ռադիոհաղորդումը, որը 1996 թվականից տեղափոխվել է հեռուստատեսություն և անվանվել «Համով զրույց»։

2003-2018 թվականներին աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում:

2015 թվականից եղել է «Վերածնունդ» մշակութային միջազգային մրցույթ-փառատոնի կազմկոմիտեի և հանձնաժողովի անդամ:

2017 թվականից եղել է Հայաստանի Ժուռնալիստների միության վարչության անդամ:

2018 թվականից եղել է «ՍանՌեմո» մանկապատենական երգի միջազգային փառատոնի Հայաստանյան ներկայացուցիչ և հանձնաժողովի անդամ:

1995 թվականից նկարահանվել է 300-ից ավելի հեռուստանախագծերում։

Ունի դերասանական հարուստ փորձ, նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, ինչպիսիք են «Մեր բակը» (1996 թվական), «Մեր բակը 2» (1998 թվական) ֆիլմերը։ 

2008 թվականին խաղացել է «Իրական պատմություններ» նովելում և վարել է «Ակկորդ» հաղորդումը: 

2011 թվականին Վ. Սահակյանի «Կատաղածները» ներկայացման մեջ խաղացել է գլխավոր հերոսի դերը: 

2012 թվականից նկարահանվել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Կադրերի բաժին» հաղորդման մեջ` որպես գլխավոր դերակատար:

Ստացել է պարգևներ և մրցանակներ

  • 2014 – ՀՀ Նախագահի կողմից արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:
  • 2015 – Արհեստավարժ լրագրողական գործունեություն ծավալելու համար ՀՀ ԱԺ նախագահի կողմից արժանացել է պատվոգրի:
  • 2015 – Համազգային Վստահություն Խորհրդի կողմից «Մեծ ճանաչում և համակրանք» անվանակարգում արժանացել է «Հայուհի 2015» կոչման:
  • 2015 – «AAD» կայքի կողմից հեղինակային «Համով զրույց» հաղորդաշարը ճանաչվել է տարվա լավագույն հաղորդում:
  • 2016 – «Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագրի կողմից ճանաչվել է «Հանրության համակրանքին արժանացած Տարվա Սիրված Հայուհի կոչմանը»:
  • 2016 – Համազգային Վստահություն Խորհրդի կողմից պարգևատրվել է «Վստահության Վարկանիշ 2016» պատվոգրով:
  • 2017 – Համազգային Վստահություն Խորհրդի կողմից պարգևատրվել է «Ժողովրդի կողմից սիրված և բարձր վարկանիշ ունենալու» պատվոգրով:
  • 2016 – Խաղացել է «Բարի լույս» գեղարվեստական ֆիլմում՝ որպես գլխավոր դերակատար, որը 2017 թվականին «Ոսկե Ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի շրջանակներում արժանացել է «Ոսկե Ծիրանի»։
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print