Գյումրիի քաղաքապետը կալանավորվեց

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց. որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։ Նշենք, որ Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հիշեցնենք, որ երեկ իրավապահները Գյումրիի քաղաքապետարանում քննչական գործողություններ էին իրականացրել։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ»,-նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print