ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի գլխավորած պատվիրակությունների ու Արժույթի միջազգային հիմնադրամի գործընկերների միջև Վաշինգտոնում ընթացող ԱՄՀ/ՀԲ տարեկան հանդիպումների շրջանակում ձեռք է բերվել վերջնական համաձայնություն՝ 2022–2025թթ. Պահուստային ծրագրի վեցերորդ վերանայման և զուգահեռաբար նոր՝ 128.8 միլիոն SDR (մոտավորապես 175 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ 36-ամսյա պահուստային ծրագրի շուրջ։
Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, այս ձեռքբերումը հավաստում է, որ ԱՄՀ աշխատակազմը և Հայաստանը հասել են ընդհանուր համաձայնության՝ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների և մակրոտնտեսական կանխատեսումների շուրջ։
Համաձայն ԱՄՀ հրապարակման՝ իրական ՀՆԱ-ի աճը շարունակում է մնալ բարձր՝ համապատասխանաբար 5% և 5.5% 2025 և 2026 թվականներին, գնաճը՝ ՀՀ Կենտրոնական բանկի թիրախային ցուցանիշի շրջանակում, Կառավարության պարտքը՝ չափավոր՝ ՀՆԱ-ի 48% չափով, իսկ բանկային համակարգը՝ բարձր շահութաբերությամբ և կապիտալի ու իրացվելիության ուժեղ բուֆերներով։
Միաժամանակ, ԱՄՀ սպասվող զեկույցում նախատեսվում է մանրամասն ներկայացնել Հայաստանի տնտեսական ցուցանիշները, քաղաքական առաջնահերթությունները և բարեփոխումների ընթացքը։ Զեկույցը, որպես վստահելի և թափանցիկ տեղեկատվական աղբյուր, խիստ կարևոր է միջազգային գործընկերների, ներդրողների և հանրության համար։

